Մեր թիմը

 

Ծանոթացեք, մեր սիրելի տիկին Վերժիկն է։ Տիկին Վերժիկը մեր թիմում է ընդամենը 3 տարի։ Մի կողմից այնպիսի տպավորություն է, որ մի ամբողջ կյանք մեզ հետ է աշխատել․ այնքան հարազատ է դարձել, այնքան սիրելի, այնքան մերը։ Բայց մյուս կողմից կարծես երեկ լիներ․ հետպատերազմյան էմոցիաների թմբիրից ուզում էինք դուրս գալ, երբ Կանադայից եկած մի սփյուռքահայ հոգեբան մեզ հետ հավասար արտասվում էր Եռաբլուրում, լուռ սգում և փորձում ելքեր գտնել իրավիճակից։
Միայն տիկին Վերժիկը կարող էր 60 տարեկան հասակում որոշում կայացնել գալ Հայաստան, ապրել Հայաստանում ամենադժվար ժամանակահատվածում, ընտրել ոչ թե Երևանը, այլ մարզը ապրելու համար և ընտրել մարդկանց օգնելու ուղին` օգնել ծանոթին, շահառուին, մեր Կենտրոնի երեխաներին, դրսի անծանոթին։ Օգնելիս լցվել կյանքով, հույսով և երիտասարդ գործընկերներին ասել․
-Եթե իմանայիք, թե կյանքը որքա՜ն հիասքանչ է 60-ից հետո։
Եվ իրապես հիասքանչ է մեր բոլորի կյանքը իր հետ շփումից հետո։ Այս փոքրամարմին կնոջ մեջ այնքան էմոցիա կա, այնքան սեր, հույս, հավատ, ջերմություն, լավատեսություն, աշխատասիրություն, համառություն, նպատակասլացություն։ Ամեն Աստծո օր վայելում ենք իր ներկայությունը, սովորում իր մասնագիտական փորձից և լսում անձնական ամենատարբեր վերլուծություններ, որոնց հիմքում իր Պարսկաստանի կյանքի 30 տարիներն են և ապա Կանադայի կյանքի 30 տարիները։
Պարսկահայոց միջավայրում ապրելու պահպանողականությունը և կանադական միջավայրի ազատությունը հրաշալի համադրվել են տիկին Վերժիկի էության մեջ, որի շնորհիվ այնքան հետաքրքիր պատմություններ ենք լսում, որ հաճախ ինքներս մեզ բռնում ենք այն մտքի վրա, որ ուզում ենք չուտել-չխմել և վայելել տիկին Վերժիկի անսահման հետաքրքիր մտքերն ու պատումները, դասընթացներն ու սեմինարները։
Մեր սիրելի տիկին Վերժիկ, անչափ շնորհակալ ենք, որ մեր թիմում եք։ Շարունակեք մեզ վարակել Ձեր էներգիայով։ Ձեզ շա՜տ սիրում ենք ❤️❤️❤️