Ծանոթացեք, մեր սիրելի ու նվիրված աշխատակիցներից պարոն Գրիգոր Հովհաննիսյանն է՝ «տիկնիկային թատրոնի մեր պապան», ով երկար տարիների արվեստագետի իր գիտելիքներն ու հմտությունները փոխանցում է սերունդներին։
Նրա անգնահատելի ներդրման և նվիրումի, սիրո և միաժամանակ կարգապահության շնորհիվ տիկնիկային թատրոնը բացառիկ զարգացում է ապրում։
Նրա շնորհիվ քսան տարուց ավելի է՝ երեխաները ոչ միայն հնարավորություն ունեն զարգացնելու պատմողական հմտություններն ու ստեղծագործական ունակությունները, այլև յուրօրինակ փորձառություն են ունենում՝ հաղթահարելու ամաչկոտությունը, ձեռք բերելու ինքնավստահություն, կերպարների հույզերը զգալու և դրանք արվեստի միջոցով արտահայտելու, թիմային աշխատանքի և համագործակցության և իհարկե՝ համաշխարհային մշակութային արժեքներին հաղորդակից դառնալու։
Տիկնիկային ներկայացումների ստեղծման և բեմադրության համար պարոն Հովհաննիսյանն ու երեխաներն աշխատում են միասին՝ խթանելով համայնքի և թիմային աշխատանքի զգացումը: Նրանք սովորում են լսել միմյանց գաղափարները և կառուցողականորեն նպաստել կոլեկտիվ նախագծին:
Ինչպես Երվանդ Մանարյանն է մի առիթով նշել․«Տիկնիկայինում դաստիարակված երեխան փառավոր պատկերացումներ ունի, հավատ ունի իր գործի նկատմամբ և գիտի, որ իր կողքին կան իր նման մտածող այլ երեխաներ»։ Հովհաննիսյանը, հիրավի, կարողանում է այսպիսի երեխաներ կերտել։
Նրա գլխավորությամբ երեխաները բազմաթիվ բարեգործական ներկայացումներով հանդես են եկել ՀՀ տարբեր մարզերում, սահմանամերձ գյուղերում, երեխաների խնամքի հաստատություններում, ծերանոցներում, Աբովյանի կանանց և անչափահասների քրեակատարողական հիմնարկում, Ստեփանակերտում և Բերձորում:
Հովհաննիսյանի աշխատանքը հոյակապ համադրվում է մեր կենտրոնի սոցիալհոգեբանական ծառայությունների հետ՝ սովորեցնելով երեխաներին դիտարկել, մտածել, վերլուծել, բացահայտել, ի վերջո՝ սովորեցնել հասկանալ զգացմունքներն ու հույզերը, զարգացնել երեխայի ոչ ստանդարտ մտածողությունը, հիշողությունը և ուշադրությունը։
Շնորհակալ ենք, պարոն Հովհաննիսյան, մեր երեխաներին արվեստի լեզվի հետ ծանոթացնելու համար։
Շնորհակալ ենք մեր թիմակիցը լինելու համար։